Ուսումնական ամառ

Հիշե՛ք՝ ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծե՛ք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվե՛ք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնե՛ք: Սկսած այդ պահից արե՛ք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:

Ուսուցիչ Չեզարե Կատայի

Նկարագրությունը: Նախագիծն իրականացվում է ամռան ամիսներին։ Նախագծի շրջանակում սովորողին առաջարկվող աշխատանքային ուղղությունները զանազան են, որի շնորհիվ յուրաքանչյուր սովորող կարողանում է ընտրել իր նախասիրություններին, հետաքրքրություններին, կարողություններին համապատասխան աշխատանք։ Խրախուսելի են նաև սովորողների կողմից առաջարկվող նախագծերը։ Ուսուցիչը հանդես է գալիս ուղղորդող-խորհրդատուի դերում։

Նպատակը և խնդիրները: «Ուսումնական ամառ» նախագիծն իր զանազան ուղղություններով միտված է ամառն առավել արդյունավետ, գրավիչ, հետաքրքիր, ստեղծագործ և ուսումնական դարձնելուն։

Ժամանակացույցը: Հուլիս-օգոստոս ամիսներին «Ուսումնական ամառ» նախագծի շրջանակում կրթահամալիրում իրականացվում են խմբային, անհատական, ընտանեկան զանազան նախաձեռնություններ։

Մասնակիցները: Նախագծային աշխատանքներին կարող են մասնակցել դասավանդողները, սովորողները, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները, հյուրեր, այլ հետաքրքրվողներ։

Իրականացման ընթացքը։

  • «Ուսումնական ամառ» նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների, ժամկետների ճշգրտում, գրանցում
  • Ըստ նախասիրությունների` անհատական նախագծերի առաջարկների քննարկում, մշակում
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումների, տեսագրությունների, ձայնագրությունների փաթեթների մշակում
  • Ֆիզիկական միջավայրում կամ առցանց հանդիպում-քննարկումների, բանավեճերի թեմաների ընտրություն, նախապատրաստում
  • Համացանցային ֆլեշմոբներ
  • Իրականացրած ամառային նախագծերի լուսաբանում բլոգներում, կայքում, ենթակայքերում։

«Ուսումնական ամառ» նախագծի ուղղությունները։

  • Ընթերցանություն. առաջարկվող ընթերցարան 4-12-րդ դասարանների սովորողների համար
  • Հայրենագիտական-բնապահպանական ճամփորդություններ Հայաստանի մարզերում, բարբառների, տեղանունների (աշխարհագրական անուններ՝ գետերի, լճերի անուններ, լեռնանուններ, լեռնացքների, քարանձավների, գյուղերի ու քաղաքների անունների և այլն) ուսումնասիրություն։ Ճամփորդական մի շարք ուղղությունների կարող եք ծանոթանալ կրթահամալիրի հայրենագետների բլոգներում ՝ 1, 2
  • Բարձունքների նվաճում
  • Կրթական-մշակութային արշավներ
  • Գրական-երաժշտական երեկոներ
  • Թարգմանական և ստեղծագործական աշխատանքներ
  • Լեզվաբանական խաղ-մրցույթներ
  • Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում, տարածում
  • «Կլոր սեղան» քննարկումներ դասընկերների, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչների հետ
  • Վարպետության դասեր
  • Քաղաքային թափառումներ
  • Բնակավայրը՝ ուսումնական բաց լաբորատորիա
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Այլ․ սովորողի նախասիրությունների շրջանակում։

«Դպիր»-ում «Ուսումնական ամառ» նախագծին նվիրված հոդվածներ։

Աշոտ Բլեյան՝ «Չհամեմատվես՝ պահանջում է ինձանից իմ ընտրած-հեղինակած մանկավարժական աշխատանքը․․․»

«Ուժը՝ ստեղծականության-կառուցումի, կենարար-աստվածատուր է, անհա՜գ-անվե՜րջ»։

Շարունակելի։

Գնահատումը։ Մասնակիցը գնահատվում է ըստ իր կատարած աշխատանքի։

Արդյունքում։ Սեպտեմբերյան առաջին շաբաթվա ընթացքում նախագծի շրջանակում կատարված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում բլոգներում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում։

Խորհրդի կարգով։

Ամառն առավել տպավորիչ դարձնելու համար առաջարկում եմ հետևել նաև Polo Scolastico Paritario Don Bosco-ի ուսուցիչ Չեզարե Կատայի խորհուրդներին։

  • Առավոտյան զբոսնեք- Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ: Գոնե մեկ անգամ դիմավորեք  լուսաբացը: Կանգնեք լուռ ու խորը շունչ քաշեք: Փակեք աչքերը և շնորհակալ եղեք այդ պահի համար:
  • Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենաք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:
  • Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:
  • Խուսափեք բացասական ու դատարկ զգացողություն առաջացնող իրավիճակներից ու մարդկանցից: Փնտրեք այնպիսի ընկերներ, որոնք ձեզ կհասկանան ու կգնահատեն, եղեք այնպիսի մթնոլորտում, որը կհարստացնի ձեզ:
  • Եթե վախի զգացողություն կամ տրամադրության անկում ունեք, մի անհանգստացեք: Ամառը նաև հոգին խառնելու համար է: Պահեք օրագիր ու գրառեք այն, ինչ զգում եք: Հետո եթե ցանկանաք, կքննարկենք միասին:
  • Սպորտով զբաղվեք:
  • Եթե հանդիպեք մեկին, ով ձեզ շատ է դուր գալիս, ասեք նրան այդ մասին, ասեք համոզիչ ու գեղեցիկ: Մի ՛ վախեցեք լինել անընկալելի:
  • Թերթեք անցած դասերը: Համեմատեք ձեր կարդացածն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
  • Խնդրում եմ, մի հայհոյեք, վատ բառեր մի ասեք․ Եղեք քաղաքավարի և բարի:
  • Դիտեք խորը էմոցիոնալ լավ ֆիլմեր (ցանկալի է օտար լեզվով), որպեսզի միաժամանակ բարելավեք նաև լեզվի իմացությունը, կարողանաք զարգացնել օտար լեզվով զգալու և երազելու կարողությունը։ Կինոն մի ավարտեք The End-ով, վերանայեք մի քանի անգամ: Այդպես ավելի լավ կընկալեք:
  • Հիշեք, ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծեք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվեք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնեք: Սկսած այդ պահից արեք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:
  • Եղեք լավը:

Համակարգող՝ Երանուհի Խլղաթյան