Չարենցյան ընթերցումներ

2017թ. մարտի 13

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.

Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,

Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,

Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։.


Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.

Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝

Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝

Ընկերների սուփրին գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝

Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։


Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է

Դրանո՛վ ես շինում դու աշխարhքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։


Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,

Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,

Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —

Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։


Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին

Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.

— Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,

Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։

Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ

Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—

Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,

Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…


Նետե՜լ է երկաթե մի ձեռք

Դեպի վեր ոսկի մի ծնծղա.

Բռնկվել է ոսկի ծնծղան,

Դարձել է արնածոր մի վերք։

Վառվել է երկնքում հակինթ

Ու ծորում է արյունը յուր կեզ,—

Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—

Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.


Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա, —

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա։

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —

Գերեզմանիս մարմար քարին կմնա։


Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,

Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,

Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,

Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –

Մոռանալով աշխարհային չարը, բարին՝

Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –

Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…


Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։

Երկինքներ, որպես երազներ հոգու։

Երկինքներ, որպես մանկական աչեր։

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն –

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին։

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն

Խառնելով հոգիս աստղային մութին:


Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր:

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –

Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն –

Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…


Իրիկուն է, քույր,— աչքերդ փակի՛ր,

Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,

Միգամած ու խոր աչքերդ փակիր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,

Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՜ր…


Նայադների~ նման, նայադների նման,

Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ, –

Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք

Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`

Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –

Իբրև հոժա~ր կամքով մահապարտված`

Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած

Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –

Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք

Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,

Կարոտներիս կարմիր ավազի մեջ –

Դու ժպտացի~ր, անցար, աներևույթ դարձար,

Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…


Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք:-
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին:


Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,

Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։

Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում Մասիսը,

Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր

Բարձրացել էր ինքը և սառցանիստ

Գեղեցկությամբ գերվել։ —

Եվ այժմ, մենավոր

Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,

Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—

Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը

Համարել է  հավետ իր գոյության խորհուրդը,—

Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…

Թողնել մեկնաբանություն