Արևմտահայ և սփյուռքի գրականություն

2023-2024 ուստարի
Մշակումը՝ Հասմիկ Ղազարյանի

Նկարագրություն

«Գրականություն» ուսումնական բնագավառը նրանցից է, որոնք հենց կոչված են ստեղծված մշակութային ժառանգությանը հաղորդակցելու սովորողին կամ պարզապես ընթերցողին։ Իհարկե, հանրության ընտրությունը սովորաբար կանգ է առնում հանրահայտ ու հեշտ մարսվող ստեղծագործությունների վրա։ Այս պարագայում դպրոցական մշակված ծրագիրը նախանձախնդիր ուսուցչի ձեռքում դառնում է ընթերցողական հմտություններ ու ճաշակ մշակելու լավ գործիք։ Եվ հմուտ ուսուցիչնենրն անկասկած հաջողում են համաշխարհային գրականության լավագույն նմուշների միջոցով սերնդին ներարկել մշակութային որակները։ Բայց, ինչպես ասում է պատմահայրը, «․․․մեզանում էլ կան հիշատակության արժանի գործեր․․․»։

Արեւմտահայերենը գնալով ավելի դժվարամատչելի է դառնում։ Սովորողներն ավելի հեշտ օտար լեզու են սովորում, քան մայրենի լեզվի այս ճյուղը։ Բայց այսպես մենք կորցնում ենք ոչ միայն արեւմտահայերենի պահանջարկը, այլեւ այդ լեզվով արդեն ստեղծված մշակույթի սպառողին, հետեւաբար նաեւ այդ մշակույթը։

Այս պարագայում է, որ դպրոցի համար արեւմտահայերեն ստեղծված գրականությունն ուսումնասիրելը հրամայական է դառնում։

Գրական արեւմտահայերենը, սակայն, «գաղթելով» իր կրողների հետ ու հանգրվանելով աշխարհի տարբեր ծայրերում, կլանել ու ներծծել է տվյալ երկրի մշակույթի, մտածողության ու լեզվական տարրերը, ինչն էլ սփյուռքի հայերենի տարբերակման գործոն է դարձել։ Դրա համար դասընթացի նպատակն ենք համարում նաեւ այս գրականության միջոցով հասու լինելը հայի նորորակ մտածողությանն ու արտահայտչամիջոցներին, հետևելը մտածողության վրա այլ՝ գերակա մշակույթի ազդեցությանը։

Դասընթացի նպատակն է
-Արևմտահայերեն ստեղծված մշակույթի պահպանումն ու սերունդներին դրան՝ որպես մտածողության, հաղորդակից դարձնելը․
-Աճող մարդու մեջ ներարկելը մշակույթի այս տեսակը՝ որպես ինքնության մաս, նրան դարձնելը եթե ոչ լեզվի կրող, ապա գոնե գեղարվեստական մտածողության պահպանման և դրանից սովորելու նախանձախնդիր․
-Ծանոթացնելը արևմտահայության կյանքին ու ճակատագրին։

Դասընթացի խնդիրներն են.
— Արևմտահայերենի՝ որպես գրական լեզվի ուսումնասիրումը․
— Հաղթահարելը լեզվական խոչընդոտը․
-Արևմտահայերենի գեղարվեստականության ընկալումը ուսումնասիրելիք ստեղծագործություններում․
— Գրկական այս երկրորդ լեզվով տեղեկություն ստանալ ու փոխանցել սովորելը։

Դասընթացի կազմակերպման մի քանի խնդիրներ
Արևմտահայ և սփյուռքահայ գրականությունը ծավալով արդեն բավականին տարողունակ է։ Դրա համար արժե բաժանել երկու հատվածի՝ արևմտահայ դասական գրականության նմուշներ և ժամանակակից ու սփյուռքի գրականության նմուշներ։ Այս բաժանումը նույնպես հստակ լինել չի կարող, քանի որ կան ստեղծագործողներ, որ իրենց կյանքի մի մասն ապրել են Արևմտյան Հայաստանում (Թուրքիայում), բայց հասուն տարիքում տեղափոխվել են այլ երկիր, դարձել սփյուռքի կամ Խորհրդդային Հայաստանի ներկայացուցիչ (օր.՝ Վահան Թեքեյանը կամ Լեռ Կամսարը)։ Այս հեղինակներից ստեղծագործություն ընտրելիս ուսուցիչը պիտի կոնկրետացնի՝ որ ժամանակի ստեղծագործությունն է կարդում սովորողների հետ, հստակեցնի նաև, թե ինչի վրա է ուշադրությունը բևեռելու։ Արևմտահայ դասական գրականությունը կարելի է կազմակերպել հայ դասական գրականության համատեքստում, ինչը կնպաստի նաև, որ սովորողներն այս հեղինակներին ընդունեն որպես դասականներ։ Դա նաև որոշ ընդհատում կմտցնի տարվա ընթացքում նախատեսվող ծավալի մեջ և կհեշտացնի ընկալումը։ Գաղտնիք չէ, որ արևմտահայ գրականության ուսումնասիրումը դժվար է կազմակաերպել հոծ ժամանակահատվածում, քանի որ, այնուամենայնիվ, կա լեզվական պատնեշ։ Դրա համար կարևոր է ներարկել փոքր չափերով, միջին դասարանների սովորողներից սկսած։ Օրինակ՝ Մեծարենցի «Անանուն» բանաստեղծությունը հնարավոր է ուսումնասիրել 10-11 տարեկան սովորողների հետ, իսկ «Գիշերին երազանքը»՝ արդեն 14-15 տարեկանների հետ։ Մեծարենցի միստիկ բանաստեղծությունները՝ «Տուր ինծի Տէր», «Ըլլայի», արդեն 16-ից սկսած և այն էլ՝ ելնելով սովորողնեի ընկալունակության մակարդակից։ Վարուժանի ստեղծագործություններին կարելի է ծանոթացնել արդեն 6-րդ դասաանում՝ «Ձոն» բանաստեղծությամբ և «Հացին երգը» շարքի կարճ ու մատչելի բանաստեղծություններով՝ «Լուսին», «Երնում» և այլն։ Սա վերաբերում է նաև արձակին. օրինակ՝ Զոհրապի նովելներից «Այրին» գուցե հարմար է ուսումնասիրել 16-17 տարեկանների հետ, այնինչ 12-14 տարեկաններին ավելի հարմար է «Ռեհանը», «Մեղա՜ տէր»-ը, «Զաբուղոն»-ը, «Դիմակը» և այլն։
Ամեն դեպքում, սովորողների մեջ կարող են լինել իրենց տարիքից հասուն կամ ավելի դանդաղ առաջադիմող սովորողներ։ Դրա համար առաջարկում ենք ուսումնասիրումը կազմակերպել ոչ միայն տարիքային խումբը, այլև անհատական հետաքրքրությունն ու հնարավորությունը հաշվի առնելով։ Սրանից ելնելով առաջարկում ենք նյութը և առաջադրանքները բաժանել ոչ թե ըստ տաիքի՝ դասարանի, այլ ըստ մակարդակների և առաջարկել սովորողին՝ ընտրելու իրենց հարմար մակարդակը։
Ժամկետները՝ շուրջտարյա՝ ուսուցչի հայեցողությամբ:

1-ին մակարդակ

Նպատակը՝ հաղթահարել լեզվական անջրպետը․
Կարճ ստեղծագործությունների ընթերցանություն դասարանում՝ ուսուցչի օգնությամբ, անծանոթ բառերի, քերականական յուրահատկությունների քննարկում։ Ունկնդրում արեւմտահայերեն խոսքի։ Տեքստի վերածում արեւելահայերենի։ Նյութի ուսումնասիրում գեղարվեստականության տեսանկյունից։ Բարձրաձայն ընթերցանություն, ուշադրություն հնչյունական համակարգին, առոգանությանը։

2-րդ մակարդակ

Նպատակը՝ արևմտահայերեն արձակ և չափածո խոսքի նկատմամբ ընկալունակություն, ենթատեքստի և ստեղծագործական բառային-շարահյուսական հնարանքների ընկալում։
Կարճ նյութերի ընթերցանություն դասարանում և դասարանից դուրս, վերլուծություն։ Վերլուծական շարադրանքներ՝ բնագրից մեջբերումներով, ձայնագրում, ընթերցանություն-ֆլեշմոբ, բեմականացում-ներկայացում (անգիր իմանալու հանգամանքը) և այլ։

3-րդ մակարդակ

Նպատակը՝ արևմտահայ գրականության և սփյուռքի արվեստի շուրջ տեսակետի, դիրքորոշման ձևավորում։
Արևմտահայերեն ընդարձակ ստեղծագործությունների ինքնուրույն ընթերցում, դրանց բովանդակությունից գեղարվեստական հաճույք ստանալը, իմաստային և խոսքային վերլուծություն կատարելու հմտություններ, մշակույթի (նաև սփյուռքահայ) և դրա առանձնահատկությունների հետազոտության պատրաստականություն։

Սպասվող արդյոււնքներ

  1. Սովորողների շարադրանքներ
  2. Արևմտահայերեն ստեղծագործության քննարկում
  3. Լեզվական խնդիրների շուրջ սովորողների հետազոտական աշխատանքներ
  4. Բեմականացումներ, բեմադրություններ
  5. Ձայնագրություններ և այլն՝ ուսուցչի հայեցողությամբ։

Գնահատումը

Նյութն ուսումնասիրելիս հարկավոր է համոզվել, թե որքանով են կոնկրետ թեմայի համար դրված խնդիրները լուծվել, նպատակներն էլ՝ իրագործվել։ Դրա համար հարկավոր է առաջադրանքներով ստուգել.

  1. Ինչ է հասկացել նյութից (տեքստի բառերի, շարահյուսական կառուցվածքների ընկալման ստուգում՝ տեքստի վերածումով արևելահայերենի; «ճիշտ» կամ «սխալ» որակումով տրված պնդումներին և այլն)
  2. Տեքստերից դուրս բերած բառերով ինչքանով կարող է կարճ խոսք կազմել (տրված բառերով նկարագրիր, հերքիր կամ հաստատիր և այլն)
  3. Ստեղծագործության իմաստի ու ուղերձի շուրջ ինչ տեսակետ է ձևավորել (քո տեսակետը, դիրքորոշումը կարճ գրառիր…)։

    Աշխատանքները ստուգելու համար նախօրոք կազմվում և հրապարակվում է գնահատման սանդղակ (ամեն աշխատանքի համար՝ առանձին)։
  4. Կարևոր է որոշակի փուլ անցնելով կազմակերպել ամփոփիչ հավաք-ստուգատես՝ բեմականացում, պոեզիայի ժամ, հետազոտականի ներկայացում և այլն։

Առաջարկվող գրականություն

Դասական՝

  • Պետրոս Դուրյան
  • Միսաք Մեծարենց
  • Դանիել Վարուժան
  • Ռուբեն Սևակ
  • Հակոբ Պարոնյան
  • Գրիգոր Զոհրապ
  • Հակոբ Պարոնյան
  • Երուխան
  • Երվանդ Օտյան
  • Վահան Թոթովենց
  • ուսուցչի, սովորողների նախընտրած այլ հեղինակ

Սփյուռքի՝

  • Վահան Թեքեյան
  • Մուշեղ Իշխան
  • Կոստան Զարյան
  • Մկրտիչ Հաճեան
  • Միսաք Մանուշյան
  • Զարեհ Խրախունի
  • Զահրատ
  • Համաստեղ
  • Հակոբ Մնձուրի
  • Վահե Հայկ
  • Վազգեն Շուշանյան
  • Շահան Շահնուր
  • ուսուցչի եւ սովորողների նախընտրած հեղինակը։
  1. Ունկնդրելու նյութեր

Վարդուհի Վարդերեսյան
Հրաչյա Ներսիսյան
Մարալ Այվազ (երգ Դուրյանի խոսքերով՝ «Տրտունջք»)