Ուսումնական փաթեթ 2

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք տեքստին համապատասխան պատասխանը․

  • Մի քանի լեզվին տիրապետող մարդը կարող է համարվել ինտելիգենտ։
  • Մաքրակենցաղությունը արդեն ինտելիգենտություն է։
  • Շատ ճամփորդող մարդը շատ մշակույթների հետ է առնչվում և կարող է կոչվել ինտելիգենտ։
  • Ուրիշին հասկանալու ունակությունը հենց ինտելիգենտությունն է։
  • Միայն գիտելիքների մեծ պաշարով է որոշվում մարդու ինտելիգենտությունը։
  • Շրջապատը մաքրող և մաքուր մարդը ինտելիգենտ մարդ է։

2․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Առաջադրանքներ

1․ Ընտրիր տեքստից համապատասխան մտքերը․

  • Քաջալերի՛ր բարություն անող մարդուն։ Թող նա իրեն գնահատված զգա։
  • Ինքնուրույն եղիր, և ինքդ էլ հնարավորություն տուր դիմացինին ինքնուրույն լինելու։
  • Արտաքինը միշտ խաբուսիկ կարող է լինել։ Կարողացիր հասկանալ մարդու ներքին էությունը։
  • Փորձիր մարդու մեջ տեսնել ոչ թե նրա թերությունները, այլ բարին ու գեղեցիկը։

2․ Ինչպիսի՞ աշխարհայացք է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքը այդպիսի մոտեցմանը։

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

1․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

2․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․

  • աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
  • քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
  • ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք պատասխաններից մեկը կամ մի քանիսը և հինավորե՛ք։

Օմարը չսպանեց թշնամուն, որովհետև․

  • գիտեր, որ արդեն հաղթել է,
  • ուզում էր, որ չվերջանար պայքարը,
  • ներքին զայրույթ զգաց թծնամու նկատմամբ։
  • անձնային թշնամություն չուներ նրա նկատմամբ,

2․ Քննարկե՛ք հետևյալ հատվածը. « Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող»:

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդունդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք և մեջբերումներով հիմնավորե՛ք այն նկարագրությունները և բնութագրումները, որոնք վերաբերում են կամրջին.

  • փոքրիկ ձորակի վրա էր գցված,
  • գերան էր, չուներ բազրիքներ,
  • չարամիտ էր և դավադիր,
  • մարդասեր էր և բարյացակամ։

    2․ «Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ»: Ի՞նչ կպատասխանեք կամրջին: Հիմնավորե՛ք պատասխանը:

Չեմ կարողացել չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Առաջադրանքներ

1․ Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

  • Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
  • Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
  • Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,
  • Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:


2․ Ընտրե՛ք այն պատասխանը կամ պատասխանները, որոնք համապատախանում են ասելիքին և հիմավորե՛ք․

  • փիղը չէր փախչում, որովհետև սիրում էր կրկեսը,
  • փիղը չէր փախչում, որովհետև հավատարիմ էր իր տիրոջը,
  • փիղը չէր փախչում, որովհետև փորձ չէր անում փախչելու,
  • փիղը չէր փաչում, որվհետև վարժեցված է,
  • փիղը չէր փախչում, որովհետև մտածում էր, որ չի կարող փախչել։

Սիրել Բաց աչքերով։ Խորխե Բուկայ

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:

Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:

Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:

Առաջադրանքներ

1. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

2․ Ընտրե՛ք այն պատասխանը, որը համապատասխանում է ստեղծագործության ասելիքին։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Մարդը շնորհակալ էր կուժին, որովհետև․

  • կուժը թեկուզև ճաքել էր, բայց իրեն փող էր բերում,
  • կուժը իրեն գեղեցկություն և ուրախություն էր պարգևում,
  • ինքը գումար չուներ նոր կուժ առնելու, և ճաքած կուժը շարունակում էր ծառայել իրեն,
  • կուժը երախտագետ էր և գնահատում էր մարդու բարությունը։

Օտարանը։ Շառլ Բոդլեր

— Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՛, հանելուկ- մարդ, հո՞րդ, մորրդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
 — Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր:
— Բարեկամների՞դ:
— Դուք ասացիք մի խոսք, որի իմաստն ինձ անհայտ է մինչև օրս:
— Հայրենի՞քդ:
— Ես չգիտեմ ո՛ր լայնության տակ է գտնվում նա:
— Գեղեցի՞կը:
— Հաճությամբ կսիրեի, եթե աստվածային ու անմահ լիներ:
— Ոսկի՞ն:
— Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն:
— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը…

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք այն մտքերը, որոնք համապատասխանում են ստեղծագործության ասելիքին։

  • Ես հայր, մայր, քույր, եղբայր չունեմ, որովհետև որբ եմ մեծացել,
  • Գեղեցկությունը անցողիկ է, աստվածային ու անմահ չէ,
  • Ես չեմ հասկանում բարեկամներ բառի իմաստը,
  • Ես ոսկին նույնքան եմ ատում, որքան մարդիկ ատում են Աստծուն,
  • Ես օտարության մեջ եմ ծնվել և չգիտեմ՝ որն է իմ հայրենիքը։
  • Ես ի թիվս այլ բաների սիրում եմ նաև ամպերը։

2․ Հիմնավորե՛ք Օտարականը վերնագիրը:

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

1․ Լրացրե՛ք տրված մտքերը.

  • Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  • Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  • Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

    2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է` ….

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:


Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարին։ Հիմնավորի՛ր։

  • Ամեն ինչ անցողիկ է, ոչինչ կայուն չկա։
  • Անքննելի են Աստծու գործերը։
  • Միշտ վստահիր ընկերոջդ։
  • Հույսդ երբեք մի կորցրու։
  • Դժբախտությունը միշտ անսպասելի է գալիս։

2․ Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

Ցանկանում եմ։ Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Առաջադրանքներ

1Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

  • Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
  • Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
  • Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

2․ Շարունակե՛ք այս շարքը 3 նախադասությամբ՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։



Փոքր քայլերի արվեստը։ Անտուան դե Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Առաջադրանքներ

1 Ո՞ր մտքերն են հակասում ստեղծագործության մեջ արտահայտվածին․

  • Կարևորը երազանքներն են՝ անցյալի և ներկայի մասին երազանքները։
  • Չեմ ուզում իմ կյանքի ընթացքում թռչել կամ սողալ․ ուզում եմ չափավոր և զուսպ լինել։
  • Օգնիր ինձ հավատալ, որ կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի։
  • Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը համաձայն չի լինում բանականության հետ և վիճում է։
  • Թող դժվարություններ, ձախողումներ, պարտություններ և անհաջողություններ չլինեն մեր կյանքում։ Դրանք խանգարում են մեր աճին։ միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են։
  • Չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ ասի ճշմարտությունը, թեկուզև ինձ սիրելով։

2 Առանձնացրե՛ք երեք միտք, որոնց հետ հատկապես համաձայն եք։ Հիմնավորե՛ք մտքերի Ձեր ընտրությունը։

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ

1․ Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

2․ Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։


Կրակի առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։

Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։

Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։

Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։

― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։

― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։

― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։

― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։

― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։

Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։

Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։

― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։

― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։

Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։

― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։

― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։

Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։

Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։

Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։

Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊-կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։

Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․

― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։

― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։

― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։

― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։

― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։

Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։

Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։

Առաջադրանքներ

1․ Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

2․ Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։ 

Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,- գտել եմ: Սա է միայն մնացել:

Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

— Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,- ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.

— Միայն սա է մնացել:

Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշն ասաց.

— Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:

— Հա՛, հա՛,- պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,- պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,- և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն ծանոթ չէր թվացել:

— Բայց այն այլևս չի աշխատում,- ասաց կինը:

-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,- և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:- Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,- ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:

— Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:

Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.

-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:

Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.

-Իսկ ձեր ընտանի՞քը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

Առաջադրանքներ

1․Ինչպե՞ս են տվյալ մտքերը կապվում ստեղծագործության հետ։ Հիմնավորե՛ք։

  • Պետք է գնահատել այն, ինչ ունենք։
  • Տեսնելու և գնահատելու կարողությունը կարևոր հատկանիշներ են։
  • Ամենաթանկ բաները երբեմն կապվում են ամենահասարակ իրերի հետ։
  • Մարդը սովորաբար գնահատում է կորցնելուց հետո։

2․ Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նամակ դստերը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Առաջադրանքներ


1․ Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
  • վախկոտ մի՛ եղիր
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։


2․ Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում սեփական մարմնիդ։
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի 

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և  մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ և  մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց և  մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս և  կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ և  իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռևս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռևս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և  ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև  հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և  ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, և  բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, և  բոլոր ընկերներիս և  բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ և  մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և  կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և  դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև  մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և  վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և  ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և  շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչև  այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ


1․  Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
  • Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
  • Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց
  • Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև  հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և  ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
  • Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և  կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…

2․ Ո՞ր մտքերն են արտահայտում ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ երջանիկ էին և համերաշխ։

Ցերեկները երկար ժամանակ Արևը փայլում էր և ժպտում կարմրամորթների դեմքերին, անձրև թափվում էր միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում թարմացնել ձորերի, գետերի, լճերի ջրերը և զովացնել ծառերն ու ծաղիկները:

Բայց տեսեք, թե հետո ինչ պատահեց․

Աստղերը, որ փայլում էին ճամբարի վերևում, լսեցին հնդիկների մասին և որովհետև նրանց լույսը շատ էր աղոտ ու երկիր չէր հասնում, խնդրեցին իրենց առաջնորդին՝ Լուսնին, որ թույլ տա իրենց իջնել և գյուղ գնալ։

Գիշերային երկնքի առաջնորդին՝ Լուսինին, դուր չէր գալիս, որ իր մարդիկ՝ աստղերը, թափառում են ամբողջ գիշեր և վաղ առավոտյան անկողին մտնում, ինչպես Առավոտյան աստղը։ Երբ այդպիսի դեպք էր պատահում, նա ընդհարվում էր Արևի հետ։ Բայց այդ գիշեր նա արտակարգ լավ տրամադրության մեջ էր և չմերժեց նրանց խնդրանքը։ Աստղերն աշխույժ ծիծաղելով և շատախոսելով սկսեցին պատրաստվել ճամփորդելու և ուշք չդարձրին այն խելացի խորհուրդներին, որ Լուսինը տվեց իրենց։

― Դուք կարող եք գնալ ուր ուզում եք, բայց զգուշացեք, որ հանկարծ չիջնեք գետնին։ Եթե իջնեք գետին, դուք այնտեղ կմնաք և հաջորդ օրը Արևը ձեզ կայրի, կսպանի, որովհետև նրա ճառագայթները ճակատագրական են մեզ համար։

Աստղերը գնացին։ Նրանց բախտից այդ գիշեր Լուսինը կլոր էր, այլապես կկորցնեին ճանապարհը։ Վերջապես հասան հնդիկների ճամբարը և սկսեցին բոլոր կողմերից դիտել։ Հնդիկները քնած էին, միայն մի փոքր տղա, որ ապրում էր ճամբարի ծայրին, դեռ արթուն էր։ Տարօրինակ շշնջոցներ լսելով, նա լարեց ուշադրությունը և իր վրանի տանիքի լուսամուտից դուրս նայեց։ Մի պահ նրա սիրտը կանգ առավ տեսածից․ Ինչքա՜ն շատ աստղեր կան և ինչքա՜ն մոտիկ։ Նա իսկույն մագլցեց վեր, դեպի վրանի ծայրը և սյունը շարժեց, որ լավ տեսնի։ Սյունը դեմ առավ ինչ որ բանի և շրը՜մփ, վայր ընկավ։ Աստղը ցածրից էր անցնում, ուղիղ վրանի վրայից, այդ պատճառով ընկավ գետին և իսկույն դարձավ մի գեղեցիկ, ողբացող աղջիկ։

― Տես, թե ի՜նչ արիր,― հանդիմանեց նա տղային,― ես այլևս չեմ կարող իմ քույրերի հետ վերադառնալ և հենց որ լույսը բացվի, Արևի ճառագայթները կգտնեն ինձ, և ես կմեռնեմ։

Տղան ապշահար նայում էր նրան։ Այդ ընթացքում աստղերն արդեն հասկացել էին, թե ինչ է տեղի ունեցել և խուճապահար ետ էին թռչում, գիտակցելով, որ անկարող են օգնել իրենց տարաբախտ քրոջը։

Արցունքները առատորեն հոսում էին սիրուն աղջկա աչքերից։ Տղան խղճահարվեց։

― Ես քեզ կօգնեմ,― ասաց նա,― ցերեկը, երբ Արևը դուրս գա, ես քեզ կթաքցնեմ իմ վրանում և նա չի կարողանա քեզ  գտնել։ Բայց հետո՞ ինչ կանենք։

― Եթե ես կարողանամ իմ գոյությունը պահպանել ցերեկը, երեկոյան կդառնամ ծաղիկ և կգնամ կապրեմ մի բարձր ժայռի կատարին, որտեղից կկարողանամ նայել ձեր ժողովրդին, որովհետև ինձ դուր է եկել ձեր կյանքը։

Նրանք վարվեցին այնպես, ինչպես որոշել էին։ Տղան ամբողջ օրը տանը մնաց և ջանք չխնայեց, որ ամենաթույլ և ամենահետաքրքրասեր ճառագայթն անգամ հանկարծ չթափանցի վրանի ներսը։ Հենց որ օրը վերջացավ, աղջիկն իսկույն թռավ ծխնելույզի օդանցքից և շտապեց տեղ գտնել բարձր ժայռի վրա, և նրա կատարին հաջորդ օրն անմիջապես մի գեղեցիկ սպիտակ վարդ բուսնեց։

Բոլոր հնդիկները հիանում էին, երբ տեսնում էին գեղեցիկ ծաղիկը, միայն տղային էր հայտնի, որ դա այն փոքրիկ աստղն է, որին նա պահեց իր վրանում և պահպանեց Արևի սպանիչ ճառագայթներից։

Շուտով աղջիկը ձանձրացավ մենակությունից: Թեև նա գյուղին նայում էր հեռվից և տեսնում ճամբարի կյանքը, բայց ոչ ոք չէր կարող մագլցել ժայռը և զրուցել նրա հետ։ Երբեմն-երբեմն նրան ընկերակցում էին այն թռչունները, որոնց բույնը այդ կողմերում էր։

Այսպես, նրա մոտ զրուցելու եկավ մի փոքրիկ ցախսարեկ։

― Ես այնպես մենակ եմ այստեղ,― գանգատվեց սպիտակ վարդը,― կարոտ եմ մարդկային ընկերակցության։ Եթե կարողանայի պրերիայում ապրել, շատ լավ կլիներ։

― Եթե այդ է ցանկությունդ, ես կարող եմ օգնել,― պատասխանեց փոքրիկ թռչնակը,― միայն մի փոքր թեքիր գլուխդ, որ քեզ կտուցովս վերցնեմ։

Վարդը հնազանդ թեքեց գլուխը. ցախսարեկը կտուցով վերցրեց նրան և դեպի պրերիա թռավ։

Պրերիայում կյանքն ավելի ուրախ էր։ Հնդիկները, ինչպես և զանազան կենդանիներ, այցելում էին սպիտակ վարդին։ Բայց մի օր հանկարծ առավոտյան վաղ սարսափելի ձայներ լսվեցին։

― Շտապե՜ք, շտապե՜ք,― գոռում էին այս ու այն կողմից,― պետք է թաքնվել, գոմեշի նախիրն է գալիս։

Բոլորը վազեցին և թաքնվեցին՝ ով որտեղ կարող էր։ Շուտով հորիզոնում փոշու հսկայական ամպ հայտնվեց, որը աստիճանաբար ավելի ու ավելի մոտեցավ։ Սպիտակ վարդը ահաբեկված գլուխը թաքցրեց տերևների մեջ, որոնք սարսափից լայնացել էին։ Նախիրն անցավ մրրիկի պես։ Հազարավոր սմբակներ այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ կարծես ամպրոպ ճայթեց։

Երբ վերջապես ամեն ինչ խաղաղվեց, սպիտակ վարդը գաղտագողի դուրս նայեց տերևների արանքից։ Պրերիան բոլորովին ամայի էր դարձել, և կյանքի նշույլ անգամ չկար։

― Ես չեմ կարող այստեղ մնալ և այսքան փորձություններ տանել,― ասաց աստղն ինքն իրեն,― ավելի լավ է՝ տեղափոխվեմ լճի վրա և այնտեղ ապրեմ։

Նա պոկվեց գետնից և շատ չանցած ներքևում երևաց փայլող լճի մակերեսը։ Նա ցած իջավ և մակույկի նման հանդարտ սահեց լճի վրայով։

Հաջորդ օրը վաղ առավոտյան, երբ հնդիկները անցնում էին լճի մոտով, զարմանքով նկատեցին, որ ջրի երեսին սպիտակ ծաղիկներ կան։

― Գիշերային աստղերը ծաղիկներ են թողել,― ասացին երեխաները, բայց խելահաս մարդիկ թափահարեցին գլուխները և ասացին, որ դա սպիտակ աստղն է իջել մեզ մոտ։ Նրանք ճիշտ էին։

Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով, և հնդիկները  Սպիտակ ծաղիկ են կոչում նրան։

Առաջադրանքներ


1․ Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

2․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։


 Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

  • Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
  • Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
  • Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
  • Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
  • Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
  • Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Աշխարհը և մենք: Օշո

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակի մեջ արտահայտված գաղափարին:

  • Մարդիկ միշտ պետք է իրենց ուժը ցույց տան:
    • Մարդկային հարաբերությունների մեջ մարդ իրեն անպաշտպան է զգում:
    • Մարդու վախերի առկայության դեպքում շրջապատը ավելի ագրեսիվ է դառնում:
    • Մարդը դառնում է իր ներքին վախերի զոհը, և միջավայրը դրա հետ կապ չունի:

2․ Ցո´ւյց տվեք վերնագրի և առակի ասելիքի միջև եղած կապը:

Խիղճը։ Իտալո Կալվինո

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել:Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:«Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց:Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Առաջադրանքեր

1․Ինչպե՞ս է նպաստում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի արտահայտմանը պատմվածքի վերջաբանը. « Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:»:

2․Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ ըստ ստեղծագործության: Պատասխանը հիմնավորե՛ք մեջբերումներով: