Հետազոտական աշխատանքի թեմաներ

2024-2025 ուստարի

1․ Մարգարիտ Սարգսյան

Մարդը ժամանակակից գրականության մեջ։ Միայնակ մարդու կերպարը։

Միայնակ մարդու խնդիրը ժամանակակից գրականության մեջ, մարդը և հասարակությունը, մարդու հոգեբանական խնդիրները, բարդույթները։ Սոցիալական ցանցերի, գլոբալիզացիայի ազդեցությունը մարդու վրա, փախուստ իրականությունից։

2․Կնոջ կերպարը հայ գրականության մեջ

Կանայք՝ որպես գրական կերպարներ․ առաջին կանայք, ինչ խնդիրներ են առաջ քաշում, հայտնի կանայք և նրանց ազդեցությունը։ Հայ կնոջ դերը գրականության մեջ․ ազդեցիկ հայ կանայք։ Կանայք, որոնք փոխեցին աշխարհը։ Ժամանակակից կանայք ժամանակակից աշխարհում։

3․Ժամանակակից հայ գրականություն․ սովորողի ընտրությամբ: Հայտնի և անհայտ գրողներ, ստեղծագործություններ

Ժամանակակից հայ գրականության ուսումնասիրում․ գրականությունը մի գրողի ստեղծագործություններում, սովորողի կազմած գրական ընտրանու վերլուծություն։ Ժամանակակից հայ գրականություն և ընթերցող կապի մասին, ինչ են կարդում, ինչու, ինչպես են իմանում տվյալ ստեղծագործության մասին։

4․Ժամանակից արտասահմանյան գրականություն․ սովորողի ընտրությամբ։ Հայտնի և անհայտ գրողներ, ստեղծագործություններ, բեսցելերներ

Ժամանակակից արտասահմանյան գրականության՝ սովորողի կազմած ընտրանի, ինչ սկզբունքով է ընտրել, ինչու, կապը ժամանակակից գրականության հետ։ Ինչ են կարդում Հայաստանում, ինչպես և որ կայքերից են ծանոթանում գրական նորությունների, աշխարհում ամենակարդացվող գրողները տարբեր ժամանակաշրջանում, ինչ գրքեր են թարգմանվում հայերեն, որ գրքերն են բեսցելերներ դառնում։

5․«Անասնաֆերմա»  վեպը՝ որպես միշտ արդիական ստեղծագործություն

Վեպը և մեր իրականությունը․ կերպարների, իրադարձությունների արդիականություն, կապը ժամանակակից մարդու, կյանքի հետ։ Անտիուտոպիան՝ որպես գրական ժանր, անտիուտոպիան և մեր կյանքը։

6․Ազգագրություն և գրականություն․ ազգագրության տարրերը գրականության մեջ, ինքնության ճանաչում ազգային տարրերի միջոցով

Ազգագրության ուսումնասիրում՝ ըստ սովորողի ընտրած ոլորտի, հարցազրույցներ, ուսումնասիրություններ, այցեր թանգարաններ։ Ազգագրությունը՝ ազգագրագետների ուսումնասիրություններում։ Ազգագրությունը և ժամանակակից մարդը։

7․Իմ հերոսը․ հայ կամ արտասահմանյան ստեղծագործություններից հերոս, որն ուղեկցում է ինձ ողջ կյանքում, որին կուզեմ նմանվել

Գրական այն հերոսը, որից կարող եմ սովորել, որի կերպարը կարող է կարևոր լինել այսօրվա հասարակությունում՝ տիպական կերպարներ, ոգևորող, մոտիվացնող, մտածելու տեղիք տվող կերպարներ։ Գրական կերպարը և ժամանակակից մարդը։

8․Կանանց կերպարները էպոսում

Կանաց դերը էպոսում՝ որպես մայրեր, զավակ դաստիարակողներ, հայրենիքը պահողներ, պարզապես կանայք։ Նրանց կերպարը ժամանակակից հայ կնոջ մեջ, տված դասերը։

9․Ավանդավեպեր, լեգենդներ․ ինքնության բացահայտում

Մեր լեգենդների, ավանդույթների ուսումնասիրում, դրանց կապը մեր ինքնության հետ, նորովի վերաբրենդավորում, ներկայացում։

10․Հայկական հեքիաթներ․ չարն ու բարին, լավն ու վատը, հիմարն ու խելոքը մեր հեքիաթներում

Հայկական ժողովրդական հեքիաթների ուսումնասիրում՝ ըստ թեմաների, ըստ տարածաշրջանի, ընդհանուր խնդիրների վերհանում, կապը մերօրյա իրականության հետ, միշտ արդիական կերպարներ։

11․Ժամանակակից մանկավարժություն․ մեր կողքին ապրող մանկավարժները, նրանց բերած նորարությունը

Ժամանակակից մանկավարժները՝ ինչ հանդեսներում են տպագրվում, որտեղ ծանոթանալ ժամանակակից մանկավարժության նորօրյա փորձին, ինչ միջազգային հարթակներ կան։ Հայ ժամանակակից մանկավարժները, նրանց փորձը, ինչ հարթակներում են ներկայացվում և ինչպես, ինչ բացեր կան ոլորտում։

12․Սովորողի առաջարկած թեմաներ

Սովորողն առաջարկում է թեմա, ներկայացնում այն ենթակետերը, որոնց շուրջ ուզում է աշխատել, թեմայի արդիականությունը։

13․ Կրթահամալիրում իրականացվող նախագծերը կամ Մուտքի ճամբարները։

Սովորողը որոշակիացնում է ուսումնասիրության շրջանակն ըստ թեմայի կամ կրթական աստիճանի, ուսումնասիրումնախագծերը, դրանց արդյունքները, համապատասխանությունը կրթահամալիրում գործող կարգին։

2․ Նունե Մովսիսյան

Թեմաները սովորողի առաջարկով և ցանկությամբ կարող են փոփոխվել:

1. Ժամանակակից հայ գրականություն

Սովորողից պահանջվում է կարդալ-ուսումնասիրել ժամանակակից հայ գրականությունը ներկայացնող  գրողներին:  Ընդհանուր պատկերացում կազմել ժամանակակից հայ գրականության մասին: Սեփական ընտրությամբ առանձնացնել մի քանի գրողների ստեղծագործություններ, առավել մանրամասն կարդալ, վերլուծել և ներկայացնել:

2. Տարածաշրջանի ժամանակակից գրականություն

Սովորողից պահանջվում է կարդալ-ուսումնասիրել տարածաշրջանի ժամանակակից գրականությունը ներկայացնող  գրողներին:  Ընդհանուր պատկերացում կազմել տարածաշրջանի ժամանակակից գրականության մասին: Սեփական ընտրությամբ առանձնացնել մի քանի գրողների, առավել մանրամասն կարդալ, վերլուծել և ներկայացնել:

3. Աստվածաշնչյան թեմաները ժամանակակից գրականության էջերում

Փորձել ուսումնասիրել ժամանակակից գրականության այն էջերը, որտեղ արծարծված են աստվածաշնչյան թեմաները. մեր ժամանակներում ինչպիսի՞ զուգորդումներ են ունեցել նման թեմաները, ի՞նչ զարգացումներ կամ ձևախեղումներ են ունեցել, բարոյական ի՞նչ նորմեր են մինչև այսօր պահպանվել կամ հակառակը՝  իսպառ անհետացել: Ի վերջո, ըստ ժամանակակից գրականության, որո՞նք են այսօրվա մարդու աստվածաշնչյան ընկալումներն ու պատկերացումները:

4. Հայ և վրաց եկեղեցիների ընդհանուր տոներ

Կարդալ-ուսումնասիրել հայ և վրաց ժողովուրդների ծիսական տոնացույցը: Փորձել գտնել, թե ինչ ընդհանուր տոներ ունեն երկու ժողովուրդները: Հայ եկեղեցին ներկայացնող սրբերի ինչպիսի՞ հետքեր կան Թիֆլիսում, որտե՞ղ են դրանք այսօր գտնվում:

3․ Հասմիկ Ղազարյան

  1. Մահվան դատպարտվածի հոգեբանական զարգացումը գրականության մեջ (3 ստեղծագործության հիման վրա՝ Կամյու՝ «Օտարը», Նաբոկով՝ «Հրավեր մահապատժի», Կաֆկա՝ «Դատավարություն»)
    Նպատակը՝ կյանքի և դրա նկատմամբ վերաբերմունքի ուսումնասիրում-շտկում։
    Խնդիրները՝
    ա) մարդու` աշխարհին առնչվելու ավանդական ձևերի ուսումնասիրում, դրացում խանգարող հանգամանքների վերհանում
    բ) մարդու վրա գրականության՝ որպես թերապիայի ազդեցության ուսումնասիրում։
  2. Ժամանակն ու տարածությունը գրական ստեղծագործություններում (3-4 ստեղծագործության հիման վրա. Ավ.Իսահակյան՝ «Շիդհար», Ջեկ Լոնդոն՝ «Զսպաշապիկ», Լևոն Խեչոյան՝ «Մհերի դուռը», Եվգենի Վադալազկին. «Դափնի» )
    Նպատակը՝ քվանտային ֆիզիկայի տեսության մեկնաբանությունը հանրամատչելի գեղարվեստական լեզվով։
    Խնդիրները՝
    ա) հնարավորի սահմանի ընկալումների ուսումնասիրում
    բ) աշխարընկալման և սեփական անձի նշանակության համադրում։
  3. Աբսուրդը ժողովրդական կենցաղային հեքիաթներում և բալլադներում (Թումանյանի մշակումները և մատչելի այլ կենցաղային հեքիաթներ ու բալլադներ՝ սովորողի ընտրությամբ)
    Նպատակը՝ մարդկային վարքագծի հակատրամաբանական պահերի նկատմամբ ուշադրության կենտրոնացում
    Խնդիրները՝
    ա) Արդյունավետ և ոչ արդյունավետ մտածողության պատճառների ուսումնասիրում
    բ) Հանրության առանձին անդամների վրա հանրային մտածողության ազդեցության ուսումնասիրում, դրանց արտահայտությունը բանահյուսության մեջ (ինչո՞ւ ենք անտրամաբանական վարվում, եթե գիտենք, որ այդպես ենք վարվում)։
  4. Արժեքների քարոզը էպոսներում՝ «Սասնա ծռեր», «Գիլգամեշ», «Շահնամե» և այլն՝ ըստ սովորողի ընտրության։
    Նպատակը՝ իդեալների և արքետիպերի ձևավորման ճանապարհի, հետագայում դրանց կիրառման հնարավորությունների ուսումնասիրում։
    Խնդիրները՝ էպոսի կառուցվածքի, հիմնական գծերի ուսումնասիրմամբ արժեքների քարոզի մեթոդների բացահայտում։

Մարիետ Սիմոնյան

1. Հարուկի Մուրակամի: Արձակի առանձնահատկությունները:

Հարուկի Մուրակամին ճապոնացի ժամանակակից արձակագիր է, գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ, թարգմանիչ: Մուրակամին իր ստեղծագործություններում հաճախակի գործածում է միստիկական իրավիճակներ՝ անբացատրելի, անհավանական, խորհրդավոր, որոնք ընթերցողի համար մտածելու, բացահայտելու հնարավորություն են ստեղծում: Սյուժետային այսպիսի հնարքներ են գործածված հայերեն թարգմանված նրա «Սառցե մարդը», «Զոմբին», «Հայելին» ստեղծագործություններում: Մուրակամին հոգեբանական հետաքրքիր մոտեցումներ ունի, ներկայացնում է ճապոնական երիտասարդության մեջ առկա խնդիրները: Հայերեն թարգմանված նրա «Նորվեգական անտառ» վեպը մտածելու, խորհելու տեղիք է տալիս:

2. Հայ ժողովրդի ընդհանրական կերպարի բացահայտումը «Սասնա ծռեր» էպոսում

Ինչպես յուրաքանչյուր էպոս, այնպես էլ «Սասնա ծռերը», իր ժողովրդի կերպարի, նրա բնավորության, արժեհամակարգի, երազանքների, աշխարհայացքի հավաքական ներկայացումն է: Այս դիտանկյունից էպոսի ուսումնասիրությունը հայ ժողովրդի ընդհանրական կերպարի բնութագրման շատ հետաքրքիր շերտեր է բաց անում:

3. Նոր Մարդը նոր էներգետիկ դաշտում: Նոր բացահայտումներ:

Թեման խիստ արդիական է: Նոբելյան մրցանակների արժանացած գիտական նոր բացահայտումներ են արված էներգետիկ նոր դարաշրջանի, նոր մարդու ձևավորման մասին: Համացանցը լի է այս նյութերով, որոնց ուսումնասիրությունը այսօրվա մարդու, նրա մեծ հնարավորությունների բացահայտման մասին գործուն ճանապարհներ ցույց կտա:

4. Լեզվաբանական բացահայտումներ: Աճառյանի արմատական, ստուգաբանական բառարանները

Լեզվի բառապաշարի ուսումնասիրությունը ամենահետաքրքիր լեզվական աշխատանքներից է, որը հնարավորություն է տալիս ժամանակի միջով հետևել բառի-բառերի անցած ճանապարհին և զարմանալի իրողությունների ականատեսը դառնալ:

5. Ընթերցողի և գրողի գաղափարական անհամաձայնությունները (ստեղծագործությունները՝ սովորողի ընտրությամբ)

Ցանկացած գրական ստեղծագործություն ունի ասելիք՝ ստեղծագործության գաղափար, որը գրողը փոխանցում է իր ընթերցողին: Կարևոր է, որ ընթերցողը հասկանա, ընկալի գրողի ասելիքը, բայց բոլորովին պարտադիր չէ, որ համաձայնի գրողի մոտեցման հետ: Գրողն ու ընթերցողը երկու առանձին անհատներ են՝ իրենց աշխարհայացքներով:

6. Գրականության վերլուծության ընդունված կարծրատիպերին՝ նոր հայացք (ստեղծագործությունները՝ սովորողի ընտրությամբ)

Հայտնի գրականագետների կողմից գրական ստեղծագործությունների վերլուծությունները սովորաբար հեղինակության ուժով ստեղծում են կարծիքի կարծրատիպեր, որոնք շատ դեպքերում դժվար է լինում հաղթահարել: Այսպիսի իրավիճակ է ստեղծվում նաև, բ որ դասարանում քննարկելիս սովորողների մեծ մասը, հաճախ նաև ուսուցչի ուղղորդմամբ, հանգում է նույն կարծիքին, նույն տեսանկյունով է նայում քննարկվող ստեղծագործությանը: Այս աշխատանքը այն սովորողների համար է, ովքեր ունեն այլ հայացք՝ անկախ շրջապատի կարծիքից ու մոտեցումներից, և կարող են իրենց այդ տեսակետը ազատ արտահայտել՝ չվախենալով մեծամասնության ճնշումից:

7. Գիտաֆանտաստիկ գրականության մեջ արտահայտված արդիական խնդիրներ (ստեղծագործությունները՝ սովորողի ընտրությամբ)

Գիտաֆանտաստիկ գործերը, որքան էլ որ անիրականալի ու անիրական թվան, իրենց մեջ միշտ որևէ արդիական խնդիր են արտահայտում: Դա ֆանտաստ գրողի ապագան տեսնելու կարողությունն է, նրա հայացքի հեռատեսությունը:

8. Նորարար մանկավարժությունը «Դպիր» մանկավարժական հանդեսում

«Դպիրը» կրթահամալիրում ստեղծված մանկավարժական հանդես է, որտեղ հավաքված են մեր մանկավարժների հոդվածները, ինչպես նաև մանկավարժության շարժիչ ուժ հանդիսացող մանկավարժների գրքերի, հոդվածների թարգմանություններ: Այս աշխատանքը ենթադրում է ընտրած հոդվածների ուսումնասիրություն և դրանց համեմատումը այսօր կրթահամալիրում գործող մանկավարժության հետ:

9. Վիլյամ Սարոյանի աշխարհայացքը իր ստեղծագործություններում (ստեղծագործությունները՝ սովորողի ընտրությամբ)

Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն առանձնանում են գրողի ինքնատիպ աշխարհայացքով, աշխարհին մանկական, գունեղ, անմիջական նայելու իր առանձնահատկությամբ: Լուսավոր ու սիրառատ, նուրբ զգացողությունները Վիլյամ Սարոյանի գրչի յուրահատկությունն են:

Սոֆյա Այվազյան

1․ Ստեղծագործությունների, հոդվածների վերնագրերը

Արդիականությունը պայմանավորված է նախադեպի ֆենոմենոլոգիան /իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ երևույթների մտահայեցական նկարագրություն այնպես, ինչպես նրանք տրված են վերացական մտահայեցումների մեջ/ հասկանալու անհրաժեշտությամբ։
Ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել ժամանակակից լրագրողական տեքստերի վերնագրերում մշակութային և լեզվական բնույթը:
Ժամանակակից մեդիա համակարգում օգտագործվող վերնագրերը հեռարձակում են հատուկ պատմական, գրական, տարածաշրջանային և այլ ծածկագրեր և հանդես են գալիս որպես լրատվական տեքստի մասին տեղեկատվության կրող:

Նախադեպային տեքստերը հայտնի իրադարձությունների անվանումներ են, անուններ, արտահայտություններ, որոնք բանախոսները (գրողները) վերարտադրում են իրենց խոսքում:

2․ Ի՞նչ և ինչպե՞ս են կարդում հայտնի մարդիկ. Արագընթերցում

Արագ ընթերցանության ուսուցման առաջին դպրոցի ստեղծողը Ամերիկան ​​էր՝ ուսուցչուհի Էվելին Վուդը 1958թ.-ին: Մի օր նա տեսավ, թե որքան արագ է կարդում իր ուսուցիչը, դա նրան այնքան զարմացրեց, որ նա սկսեց հետաքրքրվել դրանով: Երբ նա սկսեց իր հետազոտությունը, նա տեսավ, որ իր ուսումնասիրած մարդիկ կարդում են ուղղահայաց, կարող են տեսնել բառերի խմբեր, իսկ ոմանք՝ ամբողջական նախադասություններ: Նրանք երբեք չէին վերադառնում իրենց կարդացածին: Վուդը դարձավ հորիզոնական ընթերցանության հակառակորդ և ստեղծեց դինամիկ ընթերցանության դպրոց:

3․ Թանկարժեք քարեր 

Քարերի պատմությունը

Թողնել մեկնաբանություն